Ապրիլի 27-ին Հայ-էկվադորական Բարեկամություն ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի միջնորդությամբ Ռուսաստանում Էկվադորի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին դեսպան Խուլիո Պրադո Էսպինոսան, Վալերիա Կալդերոնը՝ Պրոէկվադոր առևտրային կազմակերպության ներկայացուցիչը, և Մարտա դե Մայո Լոպեսը՝ դեսպանի կինը, այցելեցին Հայաստանի շոկոլադ արտադրող առաջատար ընկերություն՝ Գրանդ Քենդիի գործարան: Հիշեցնենք, որ վերոհիշյալ պատվիրակությունը Հայաստան էր այցելել ապրիլի 26-ին պաշտոնական այցով:
Նախևառաջ, ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բաբայանը ողջունեց հյուրերին՝ նրանց այցը շատ կարևոր համարելով Հայաստանի և Էկվադորի միջև հարաբերությունների նոր փուլ թևակոխելու համար: Այնուհետև ներկայացրեց իրենց գործարանի աշխատանքը, համագործակցությունը այլ երկրների հետ: Հյուրերն հատկապես տպավորված էին առկա աշխատատեղերի հսկայական քանակով. ընկերությունն ունի շուրջ երեք հազար աշխատատեղ:
Դեսպան Խուլիո Պրադոն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց նման ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ այդ հանդիպումն իր ցանկալի արդյունքը կունենա, և Գրանդ Քենդիի շոկոլադը շուկա կմտնի էկվադորական կակաոյով: Վերջում հավելեց, որ իր ուշադրության կենտրոնում կպահի էկվադորական կակաոյի արտադրողի և գործարանի միջև համագործակցությունն ու կցուցաբերի մեծ աջակցություն: Այնուհետ Վալերիա Կալդերոնը՝ Պրոէկվադոր առևտրային կազմակերպության ներկայացուցիչը, մանրամասնորեն ներկայացրեց էկվադորական կակաոն, որակական և համային առանձնահատկություններն ու փոխանցեց կակաոյի հատիկներով փոքրիկ պարկ՝ որպես փորձանմուշ:
Քննարկվեց նաև սուրճի ոլորտում հնարավոր համագործակցությունը:
Հանդիպման վերջում երկու կողմերն էլ նշեցին, որ բաց են ցանկացած համագործակցության համար և միմյանց հրաժեշտ տվեցին՝ վստահ լինելով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա արդեն համագործակցության պայմանները քննարկելու համար։