Էկվադորի Արտաքին առևտրի պալատի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև նոյեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրվել է տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱրմԷկ Թրեյդինգ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանը:

Հարությունյանը, որը մասնակցել է համաձայնագրի ստորագրմանը հաջորդող միջոցառմանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը հնարավոր է դարձել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի և Էկվադորի կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ: Համաձայնագիրը, նրա համոզմամբ, կնպաստի առևտրային հարաբերությունների հաստատմանը:

«Կնքված պայմանագիրը վերաբերում է ԵՏՀ կազմում ընդգրկված հինգ երկրներին՝ Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին և Ռուսաստանի Դաշնությանը: Այն կսկսի գործել 2018 թվականի փետրվարից և նոր թափ կհաղորդի էկվադորական ապրանքների ներկրմանը դեպի ԵՏՀ կազմի երկրներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Հարությունյանի խոսքով, այդ հինգ երկրներից հատկապես Հայաստանը արդեն իսկ ամուր առևտրային հարաբերություններ ունի Էկվադորի հետ՝ Հարությունյանի ԱրմԷկ Թրեյդինգ ՍՊԸ-ն մի քանի տարի է, ինչ Հայաստան է ներկրում բանան, ծաղիկ, կակաո և այլ ապրանքատեսակներ։ Համաձայնագիրը, ըստ նրա, կնպաստի նաև հետագայում ոչ միայն ընդլայնել էկվադորական ապրանքների ներկրման ծավալը, այլ նաև Հայաստանից դեպի Էկվադոր արտահանել հայկական ապրանքատեսակներ։

Ավելի վաղ VERELQ-ի հետ հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ առևտրա-տնտեսական համագործակցությունը Էկվադորի հետ ձևավորվել է այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչը հնարավորություն տվեց «ArmEc Trading» ընկերությանը էկվադորական ապրանքները ներկայացնել ոչ միայն հայկական շուկայում, այլև Հայաստանը դարձնել միջնորդ օղակ ԵԱՏՄ շուկա էկվադորական բանանը և այլ ապրանքատեսակները արտահանելու համար:

NewsEcuador.ec