Հայկական «ArmEc Trading» ընկերությունը գրավում է ԵԱՏՄ շուկան: Արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական շուկայում կարելի է հանդիպել անմիջապես Էկվադորից և հայերեն պիտակավորմամբ ներկրվող բանանը, որը, պարզվում է, ներկրվում է նաև Ղազախստան: VERELQ-ի հետ զրույցում «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ, «ArmEc» ընկերության հիմնադիր Վարդան Հարությունյանը նշեց, որ իրենց նպատակն է գրավել ողջ եվրասիական շուկան, ինչպես նաև դուրս գալ հարևան շուկաներ՝ 80 մլնոց Իրան և Վրաստան:
Հարությունյանը նշեց, որ առևտրա-տնտեսական համագործակցությունը Էկվադորի հետ ձևավորվել է այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչը հնարավորություն տվեց «ArmEc Trading» ընկերությանը էկվադորական ապրանքները ներկայացնել ոչ միայն հայկական շուկայում, այլև Հայաստանը դարձնել միջնորդ օղակ ԵԱՏՄ շուկա էկվադորական բանանը և այլ ապրանքատեսակները արտահանելու համար: Գործարար համագործակցությունը Հայաստանից այդքան հեռու գտնվող Էկվադորի հետ սկսվել է տուրիստական այցից, որն այսօր ամրապնդվել է առևտրատնտեսական հարաբերություններով ու հիմք դարձել հայ-էկվադորական դիվանագիտական հարաբերությունների նոր շունչ հաղորդելու համար:
«Առաջին փորձը, որով մենք դուրս եկանք ԵԱՏՄ շուկա, Ղազախստանն է՝ մեր կազմակերպության միջոցով Էկվադորից բանանը ներմուծվում է Ղազախստան, բայց շահութահարկի վճարումը կատարվում է Հայաստանում: Այսինքն, ստացվում է, որ երկու երկրները առևտուր են անում, բայց շահութահարկը վճարվում է Հայաստանին: Ներկա պահին մենք աշխատանքներ ենք տանում Իրանի հետ, որը բավականին լուրջ շուկա ու միաժամանակ նաև էկվադորական ապրանքների պահանջարկ ունի, բայց քանի որ դեռ գործում են համապատասխան պատժամիջոցները, ապա իրանական շուկա էկվադորական ապրանքատեսակների մուտքը մի քիչ դժվարացած է: Մենք, բանակցելով տրանսպորտային ընկերությունների հետ, կարծես թե գտել ենք ելքը և հիմա մեր կազմակերպության միջոցով Էկվադորից ապրանքը գալիս է Վրաստան, որտեղից Ադրբեջանով մտնում է Իրան, որի պարագայում պատժամիջոցներն արդեն չեն ազդում, մինչդեռ Հայաստանով տեղափոխման պարագայում դրանք կկիրառվեին»,- ասաց Հարությունյանը:
Ներկա պահին ընկերությունը բանակցում է նաև Բելառուսի և Ռուսաստանի հետ, որպեսզի նույն սխեմայով ու Հայաստանի միջնորդությամբ էկվադորական ապրանքը ներմուծվի նաև այդ երկրներ: Հարությունյանը նշում է, որ այդ երկրներում, իհարկե, կան կազմակերպություններ, որոնք ներմուծմամբ զբաղվում են, բայց քանի որ «ArmEc trading» ընկերությունը բավականին լուրջ համագործակցության հիմք ունի Էկվադորի Արտաքին առևտրի նախարարության հետ, ապաև կապող օղակը հանդիսանում է հայկական այս ընկերությունը: Մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում ընդլայնելու են ներմուծվող ապրանքատեսակների ցանկը՝ հերթի է կակաոն, ծովամթերքը, ծաղիկներն ու սառեցված մրգերի հումքը: Վերջինս, ի դեպ, զարկ կտա նաև ներքին արտադրությանը, քանի ներմուծվելուց հետո արդեն Հայաստանում այդ հումքով կպատրաստվեն հյութեր և այլ ապրանքատեսակներ, որոնք կսպառվեն ոչ միայն ներքին շուկայում, այլև դարձյալ կարտահանվեն ԵԱՏՄ անդամ պետություններ.
«3-5 ամսվա ընթացքում այդ բոլոր նախագծերը կիրականացնենք՝ բոլոր ապրանքատեսակները լինելու են բացառապես հայկական պիտակավորմամբ»,- շեշտեց նա:
Ուշագրավն այն է, որ Հայաստանն ու Էկվադորը դեռ երկու տարի առաջ չունեին ո՛չ ակտիվ առևտրա-տնտեսական, ո՛չ էլ ակտիվ դիվանագիտական կապեր, թեև այս տարի նշվեց Հայաստանի և Էկվադորի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Դիվանագիտական կապերի խորացման համար առաջնային նախապայման է հենց առևտրա-տնտեսական հարաբերությունների առկայությունը:
Վարդան Հարությունյանի ընկերությունը գնաց հենց այդ ճանապարհով՝ Էկվադորում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ Հայաստանը ներկայացվեց որպես ԵԱՏՄ անդամ պետություն, որն արդեն ոչ թե փոքր շուկայով Հայաստան է, այլ միջնորդ դեպի 180 մլնոց եվրասիական շուկա: Այս ամենի ֆոնին վերջին երկու տարվա ընթացքում Էկվադորի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հայաստան, հանդիպումներ եղան ամենաբարձր մակարդակներով, իսկ այս գարնանը Հայաստանում հավատարմագրվեց Էկվադորի երկրորդ դեսպանը, թեև, հիշեցնենք, դիվանագիտական հարաբերությունները քսան տարվա պատմություն ունեն: Իսկ ահա աշնանը Հայաստանում բացվելու է Էկվադորի հյուպատոսությունը և ըստ լուրերի՝ Վարդան Հարությունյանը զբաղեցնելու է հյուպատոսի պաշտոնը: Վերջինս ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով միայն, որ քննարկվում է իրենց կազմակերպության ներկայացուցչի հյուպատոսի պաշտոնում նշանակվելու հարցը:
Նշենք, որ Էկվադորն արտադրում է աշխարհում արտադրվող բանանի 25 տոկոսը, ինչն այս երկիրը դարձնում է բանանի խոշորագույն արտահանող: Տարեկան Էկվադորը արտահանում է 5 մլն տոննա բանան:
Նյութի աղբյուր՝